Կորսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP-ն, բանաձևի նախագծի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է:

 

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման: «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում:

 

Դրանով Կորսիկայի խորհրդարանը պահանջում է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: