ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ մեկնաբանելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, դատապարտել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները, բայց կրկին հրաժարվել է այն ցեղասպանություն անվանելուց:

 

«ԱՄՆ նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ մեկ անգամ չէ, որ պատմական փաստ են ճանաչել 1.5 միլիոն հայերի ոչնչացումն Օսմանյան կայսրության վերջին օրերին և ընդգծել, որ դրա լիարժեք հաստատումը համապատասխանում է բոլորի շահերին, ներառյալ՝ Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ն»,- ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Հարֆը:

 

Դրա հետ մեկտեղ, նա կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: Իսկ ահա, երբ լրագրողները խնդրել են նրան անդրադառնալ Հռոմի պապի խոսքերին, Հարֆը պատասխանել է. «Ասածիս ոչինչ ավելացնել չեմ կարող»:

 

Հարֆին նաև դիմել են՝ մեկնաբանելու Էրդողանի՝ Հռոմի պապին քննադատելը, սակայն Հարֆը կրկին խուսափել է պատասխանից՝ նշելով, որ ոչինչ չի ավելացնի:

 

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել:

 

1915-18 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվել է 1.5 միլիոն մարդ, ավելի քան 800 հազար մարդ դարձել է փախստական:

 

ԱՄՆ-ի կառավարությունն ընդունում է այդ փաստը, բայց հրաժարվում է դա «ցեղասպանություն» անվանելուց: Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում արտահայտվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, սակայն տարիների ընթացքում նախագահությունն այդպես էլ չի գնում այդ քայլին: