Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթվա վերջին կմեկնի Վաշինգտոն' ջանքեր գործադրելու, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկիրառի «ցեղասպանություն» եզրույթը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ պաշտոնական Անկարան նախատեսում է հույժ կարևոր այց իրականացնել:
Հաղորդվում է, որ կիրակի օրը Չավուշօղլուն հանդիպելու է թուրք-ամերիկյան կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ արդեն հաջորդ օրը' ապրիլի 20-ին ելույթ է ունենալու ամերիկյան մտքի ամենահայտնի կենտրոններից մեկում' Carnegie Endowment-ում: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Թուրքական «Հուրիեթ»-ը հոդվածի վերջում երեք կետով առանձնացրել է, թե ինչ կարող է լինել, եթե Օբաման արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: Պարբերականը նախ նշում է, որ նման նախադեպի պայմաններում ամերիկյան կառավարությունը մեծապես կաջակցի ԱՄՆ դատարաններում բացված ցեղասպանության մասին դատական գործերին: Երկրոր՝ եթե ԱՄՆ դաշնային կառավարությունը որոշում ընդունի, որ ցեղասպանություն է կատարվել, Թուրքիան կարող է տանուլ տալ Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում հայերի հարուցած փոխհատուցման դատական գործերը: Երրորդ՝ Օբամայի նման որոշումը կարող է օրինակ դառնալ մյուս երկրների համար, և նման դատական գործընթացներ այլ երկրներում ևս կարող են իրականանալ: