Մոսկվայում բացվում է միջազգային անվտանգության հարցերին նվիրված չորրորդ միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Թեեւ ՆԱՏՕ-ի երկրների զինվորական ղեկավարությունը հրաժարվել է ժամանել Մոսկվա, միջոցառումը խոստանում է դառնալ ամենաներկայացուցչականը նման խորհրդաժողովների անցկացման ողջ պատմության ընթացքում:

 

Պաշտպանության նախարարությունը խորհրդաժողովին հրավիրել է շուրջ 80 երկրների ներկայացուցիչների, ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը: Սակայն դաշինքի զորահրամանատարների մեծամասնությունը նախընտրել է չժամանել Մոսկվա. պաշտպանության նախարարի մակարդակով ներկայացված կլինի միայն Հունաստանը:

 

Այդուհանդերձ, խորհրդաժողովին ժամանել են տարբեր երկրների ռազմական գերատեսչությունների մեկ տասնյակից ավելի ղեկավարներ, առավելապես ասիական երկրներից, մասնավորապես, Չինաստանից, ԿԺԴՀ-ից, Ինդոնեզիայից, Իրանից եւ Պակիստանից: Բարձր մակարդակով ներկայացված են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով Ռուսաստանի դաշնակիցները:

 

Համաժողովի հիմնական թեման է՝ «Գլոբալ անվտանգությունը. մարտահրավերներ եւ հեռանկարներ»: Մասնավորապես, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պլանավորում են պատմել գլոբալ անվտանգության գլխավոր սպառնալիքների եւ դրանց հակազդելու նպատակով միջազգային համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: