Թբիլիսիի Courtyard Marriott հյուրանոցում փետրվարի 24-25-ին կկայանա միջուկային եւ ռադիացիոն անվտանգության հարցերին նվիրված համաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, խորհրդաժողովում կքննարկվեն միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային ասպեկտները, միջուկային սպառնալիքին հակազդման ազգային միջոցառումները, միջուկային ոլորտի քաղաքականությունը եւ ինստիտուտները:

 

Համաժողովը կազմակերպել են Վրաստանի ԱԳ եւ ՆԳ նախարարությունները: Դրան ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Շվեդիայի ռադիացիոն անվտանգության գործակալությունը, Մեծ Բրիտանիայի էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների դեպարտամենտը եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

 

Համաժողովի աշխատանքին կմասնակցեն ինչպես Վրաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաեւ պաշտոնական անձինք ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Ասիայից, մասնավորապես, Հայաստանից, Ադրբեջանից, Էստոնիայից, Լատվիայից եւ Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Հորդանանից, Իսրայելից: Թբիլիսյան համաժողովից հետո ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում այս տարվա մայիսին կկայանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին նվիրված խորհրդաժողով: