Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում նոյեմբերի 21-ին կբացվի դատավորների միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված «Դատավորի մասնագիտական կարիերան եւ դատարանի վարչարարությունը իրավական պետության մեջ» թեմային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Արդարադատության գերագույն խորհրդի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ողջույնի խոսքով միջոցառման մասնակիցներին կդիմեն Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի եւ Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլին եւ Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարցին Ժոխովսկին:

 

Խորհրդաժողովին կմասնակցեն Գերմանիայից, Լեհաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից ժամանած դատավորներ, ինչպես նաեւ Եվրամիության ու, մասնավորապես, ասոցացման համաձայնագրի հարցերով խորվաթ մի փորձագետ:

 

Միջոցառումը կազմակերպել Է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Վրաստանի Արդարադատության գրագույն խորհրդի եւ Թբիլիսիի վճռաբեկ դատարանի աջակցությամբ: Խորհրդաժողովը կտեւի երկու օր: