Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնական խորհրդատուի պաշտոնից: Նա այժմ հանդիսանում է Դավութօղլուի պատվավոր խորհրդականը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

 

Թերթի հետ զրույցում Է.Մահչուփյանը հաստատել է փաստը' նշելով, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

 

«Մինչև մարտի 9-ը ես համարվում էի կադրային խորհրդական: Սակայն, տարիքս լրանալուց հետո ավտոմատ կերպով ազատվել եմ պաշտոնական խորհրդականի պաշտոնից: Այժմ ես պաշտոնս շարունակում եմ որպես պատվավոր խորհրդական: Տարբերությունն այն է, որ այլևս աշխատավարձ չեմ ստանալու»,- ասել է նա:

 

Թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Է.Մահչուփյանի հետ կատարվածը մեկնաբանել են այն կերպ, թե նա պաշտոնից հեռացվել է Հայոց ցեղասպանության իրողությունը պնդելու համար:

 

Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտնի ելույթից հետո, երբ նա Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, հայտարարել էր, որ անհնար է Աֆրիկայում և Բոսնիայում տեղի ունեցած անվանել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը' ոչ: Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում Ցեղասպանություն, այլ այն, թե նա ինչպես այսքան տարի չի ասել դա:

 

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի այս խոսքերն իրարանցում էին առաջացրել Անկարայում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ազգայնական թևի բազմաթիվ ներկայացուցիչներ և պատգամավորներ Դավութօղլուին կոչ էին արել նրան հեռացնել խորհրդականի պաշտոնից: