Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ 27 տարեկան է, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30-ը բոլորած ՀՀ քաղաքացին: Նախարարությունը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ օրենսդրության որևէ խախտում չկա: Մասնավորապես, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Տարիքի առումով օրենքի խախտում չկա, օրենսդրական խնդիր չկա, աշխատանքային փորձը համապատասխանում է: Նա համապատասխանում է պաշտոնի անձնագրին նախատեսված չափանիշներին: Այդ չափանիշների մեջ 30 տարեկանի դրույթը բացակայում է»: