Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 665 դեպքով: Նվազումը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 95 դեպքով նվազել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով լրագրողներին ներկայացրեց 2015 թվականի առաջին երեք ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը:

 

 

«Առանձին ուղղություններով նվազել են գողությունների, ավազակության, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: Միաժամանակ՝ աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով»,- տեղեկացրեց Հունան Պողոսյանը:

 

 

Պաշտոնյայի խոսքով' անցած երեք ամիսներին հայտնաբերվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության 193 դեպք, առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 270 միավոր հրազեն: Հրազենի գործադրմամբ հանցագործությունների աճին զուգահեռ՝ աճել է նաեւ դրանց բացահայտման արդյունավետությունը: Իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ՝ նվազել է ինչպես անչափահասների, այնպես էլ նախկինում դատապարտվածների կողմից կատարված հանցագործությունների թիվը: Անցած երեք ամիսներին հայտնաբերվել է 372 հետախուզվող: