Հայաստանն ու Չինաստանը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը' երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին' խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին:

 

«Հայաստանի առևտրային գործընկեր երկրների շարքում Չինաստանը երկրորդ պետությունն է: Այն նախորդ տարի զբաղեցրել է Հայաստանի արտաքին առևտրի 13 տոկոս մասնաբաժինը, ինչը վկայում է տնտեսական հարաբերությունների դինամիկ աճի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց դեսպանը:

 

Նա հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում, որտեղ քննարկվել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: «Երկու կողմերն այժմ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում հատկապես գործարար կապերի խթանման նպատակով: Քննարկման փուլում են տարբեր ծրագրեր' արտադրության և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կարծում եմ' ապագայում համագործակցության շրջանակը կընդլայնվի»,- ասաց դեսպան Էրլունին:

 

Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը' Չինաստանը, տարեցտարի ամրապնդում է Հայաստանի հետ տնտեսական, առևտրային և քաղաքական կապերը: Մեկ տարվա ընթացքում Հայաստանը 2.5 անգամ ավելացրել է արտահանման ծավալները Չինաստան, իսկ այդ երկրից ներմուծումն ավելացել է 8.2 տոկոսով: Արտահանումը 2014 թվականին կազմել է 170 մլն 954.1 հազար դոլար' 2013թ. 68 մլն 838.2 հազար դոլարի փոխարեն, իսկ ներմուծումը' 417 մլն 503.3 հազար դոլար' 2013թ. 385 մլն 901.8 հազար դոլարի փոխարեն։