ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ, թիմի ղեկավար Կարոլինա Մոնսալվեին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշա նակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

Կարոլինա Մոնսալվեն տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է 40 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրել Հայաստանին՝ 2016-2019 թվականների ընթացքում շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ վերանորոգելու համար: Նա նշել է, որ այժմ ընթանում են ծրագրի նախագնահատման աշխատանքները, որոնց ավարտից հետո ծրագիրը վերջնական կհստակեցվի և կներկայացվի Համաշխարհային բանկի խորհրդի քննարկմանը:

 

 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել առկա համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ապագայում ևս աշխատել նույնպիսի արդյունավետությամբ:

 

 

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2013-2017 թվականների համար Համաշխարհային բանկը 45 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին: Գործող վարկային ծրագրով պետք է վերանորոգվեն 170 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: 2013-2014 թվականների ընթացքում 73,3 կմ-ն արդեն հիմնանորոգվել է: Այժմ իրականացվում են 2015-2016 թվականների ընթացքում հիմնանորոգման համար նախատեսված ճանապարհների (ընդհանուր երկարությունը շուրջ 118 կմ) կապալառուների ընտրության տեղական բաց մրցույթները, որոնց ավարտից հետո կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները: