Հայոց ցեղասպանության հարցում հայկական կողմի պահանջատիրությունը շատ ճիշտ որոշում է, քանի որ Հայաստանը պետք է չսպասի Թուրքիայի կողմից ներողության դրսեւորման պատրաստակամությանը: «Անգամ եթե Թուրքիան զղջա, ապա այդ ներողությունը պետք է վստահելի եւ համոզիչ դառնա: Իսկ դրա լավագույն պայմանը կատարվածի հատուցումը ստանձնելու պատրաստակամությունն է: Պահանջատիրության շեշտավորումը շատ կարեւոր է,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը:-Թե ինչպիսի սահմանում եւ ձեւ կստանա պահանջատիրությունը' ցույց կտա գործողո ւթյունների ընթացքը»:

 

Նա շեշտում է, որ պահանջատիրության գաղափարն իրականություն դարձնելու տարբեր ուղղություններ կան:

 

«Առաջին հերթին պետք է պահանջատիրության գաղափարի մասին քննարկում սկսվի: Այս հարցում շատ կարեւոր է պատասխանատվություն ստանձնելու հարցում Թուրքիայի պատրաստակամությունը, եւ քանի որ այս պահին Թուրքիան պատրաստ չէ այդ պատրաստակամությունը ստանձնել, շատ դժվար կլինի պահանջները ներկայացնել եւ իրագործել: Իմ գնահատմամբ' պահանջատիրությունը որոշ կոնկրետ պահանջների վրա չպետք է կառուցել, այլ ընկալել գործընթաց, որի հետեւանքով կորոշվի երկու ժողովուրդների փոխհարաբերությունը: Պահանաջատիրությունը Հայաստանի, հայ ժողովրդի, սփյուռքի հիշողությունը եւ վտանգված ինքնությունն է եւ պետք է ներկայացնի նրա պատգամն ու ապագան: Պահանջատիրությունը պետք է այդ մտածողության հիմքը լինի››:

 

Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոս կաթողիկոս Արամ Առաջինի պահանջատիրության նախաձեռնությանը՝ Միհրան Դաբաղը կարծում է, որ այն կարող է դառնալ լակմուսի թուղթ' հասկանալու, թե իրավական մոտեցումներն ինչ սահմաններ ունեն: «Կաթողիկոսի նախաձեռնությունը շատ դժվար եւ շատ ճիշտ քայլ է: Սակայն միաժամանակ կարծում եմ, որ հայկական պահանջատիրության սահմանները ոչ թե կալվածքների ստացումը պետք է լինեն, այլ հարաբերությունների ստեղծումը»,- ասում է Դաբաղը և նշում , որ թուրքական կողմից հարաբերությունների հաստատման տրամադրվածություն չի տեսնում:

 

«Բառախաղերի միջոցով ցանկանում են Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը իրենց ձեւով ուծել: Մինչ այժմ այդ ձեւը իրենց համար օգտակար չէր եւ հիմա փորձում են հարցը իրենց ձեւերով իրենց համար լուծելի դաձնել: Այսօր փորձում են մեր սահմանները գծել' հասկանալու, թե հայերը մինչեւ որքան հեռու են պատրաստ լինել: Այս հարաբերությունն ու Թուրքիայի դիրքորոշոմը նման է «բազարի»: «Բազարի» մեջ մեր սահմանններն են ցանկանում ճշտել: Այս հարցում մենք պետք է հարատեւ եւ պահանջատիրական կեցվածքի մեջ մնանք՝ անկախ հանգամանքից, թե Թուրքիան ինչ քայլեր է կատարում: Մեր պատմությունը ցանկանում են գրավել եւ սահմանել իրենց մեկնաբանությամբ, հայերիս դուրս գցել եւ դարձնել այդ հարաբերության դիտորդ: Դրա հակազդեցությունը հայկական կողմի պահանջատիրությունն է»,- ասում է Միհրան Դաբաղը:

 

Դաբաղը Թուրքիայի կառավարության նախաձեռնած Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունն անվանում է «հայերի կյանքին վերջ տալու պայքարի հաղթական տոն››: «Այսօրվա Թուրքիայի միատարր պետություն ստեղծելու փորձի առաջին հաջողությունը կարելի է անվանել Գալիպոլիի հաղթանակն ու դրա հիշատակումը: Այս տոնախմբությունը ոչ թե հայերի ցավը հիշելն է, այլ հայերի դեմ պատերազմի սկիզբը, որը հաջողությամբ պսակվեց: Նման մոտեցումն անընդունելի է եւ ապացուցում է, որ Թուրքիայի խոսքն անկեղծ չէ»,- ասաց Դաբաղը: