Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21-ի երեկոյան' Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանությա ն 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը թանգարանի պատրաստվածությունը գնահատում է հարյուր տոկոսանոց: «Թանգարանն ամբողջությամբ ձեւափոխվել է, ցուցասրահի տարածքը եռապատկվել է, եւ գաղափարական առումով հետաքրքրական ցուցադրություն է ստացվել: Թանգարանով հպարտանալու առիթ ենք ունենալու, քանի որ այն հսկայական գործ է կատարում, ինչպես եղածը ցույց տալու եւ այնպես էլ նոր նյութեր ժողովելու առումով: Բացի լուսանկարներից եւ տեքստից, ցուցադրությունը պարունակում է ցուցանմուշներ, իրեր, վերապրածների առարկներ, որոնք ներկ այացնում են հանցագործությունները' ողջ խորությամբ»,- ասաց Սարգսյանը:
Ապրիլի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի երկօրյա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողով, որը նվիրված է Ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին: «Շատ ներկայանալի կազմ է լինելու: Նախատեսվում է, որ համաժողովի երկրորդ օրը կլինեն խորհրդարանական ձեւաչափով քննարկումներ, որին կմասնակցեն տարբեր երկրների պատգամավորներ: Իսկ ապրիլի 22-ին հիմնականում կլինեն մասնագիտական քննարկումներ' իրավական եւ քաղաքական ասպեկտներով»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կկայանա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: «Դա բացառիկ երեւույթ է, քանի որ հայ առաքելական եկեղեցին մի քանի դար չի կատարել սրբադասման կարգ եւ այն չափազանց կարեւոր նշանակություն ունի տարելիցի հոգեւոր եւ բարոյական հենքը ձեւավորորելու համար»,- ասաց Սարգսյանը' հավելելով, որ
միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Խորհուրդ է տրվում Էջմիածին այցելել հանրային տրասնպորտով:
«Սրբադասման կարգը կավարտվի երեկոյան 19:15-ին: Դա խորհրդանշական թիվ է եւ կազդարարվի համազգային լռության րոպեով, որը կընթանա զանգերի հարյուր ղողանջով: Այդ նախաձեռնությանը կմիանան նաեւ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներ. Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճար կհամախմբվեն եւ կհիշատակեն զոհերին»:
Ապրիլի 24-ին ոգեկոչման արարողությունները կմեկնարկեն առավոտյան, երբ Հայաստան ժամանած ավելի քան վաթսուն երկրների եւ միջազգային պատվիրակությունների ղեկավարներ կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որից հետո կմեկնարկի ոգեկոչման գլխավոր արարողությունը, հետեւաբար խորհուրդ է տրվում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելել ցերեկը ժամը 13:00-ից հետո: Նույն օրը երեկոյան կկայանա ավանդական ջահերով երթ, իսկ այցելություն հուշահամալիր կկայանա նաեւ ապրիլի 25-ին:
Ապրիլի 24-ին երեկոյան ութն անց տասնհինգ Հանրապետության հրապարակում կկայանա մեծ համերգ, որտեղ 43 երկրների ավելի քան 100 երաժիշտներ կկատարեն Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները' այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին եւ վերապրածներին:
Այս ընթացքում եւ ողջ տարվա ընթացքում կցուցադրվեն բազմաթիվ վավերագրական-գեղարվեստական ֆիլմեր: Մասնավորապես կկայանա «Հիշողության քարտեզ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է օտարերկրյա միսիոներների աշխատանքի մասին: Ողջ տարվա ընթացքում տեղի կունենա «Քեզ հետ, Հայաստան» խորագրով նախաձեռնությունը, որը ենթադրում է, որ աշխարհահռչակ նվագախմբերն իրենց ելույթներից մեկը նվիրում են Հայոց ցեղասպանության հիշատակին: Նմանատիպ համերգներ կկայանան Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում: