Ռազմական հակամարտությունների պատճառով իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվը ներկայում գերազանցում է 51 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 20-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

«Վերջին տասը տարվա ընթացքում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է: Ներկայում հակամարտությունների պատճառով տեղահանված մարդկանց թիվը ռեկորդային է 1945 թվականից ի վեր: Այն գերազանցում Է 51 միլիոնը»,- ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ մարդիկ միջին հաշվով հարկադրված են տարագրության մեջ ապրել 17 տարի: «Միլիոնավոր երեխաներ դպրոց չեն հաճախում, ոմանք պարապմունքները բաց են թողնում մի քանի տարի: Իրադրությունը շարունակում է վատթարանալ»,- նախազգուշացրել է Պան Գի Մունը:

 

Նա նշել է, որ, բացի զինված հակամարտություններից, մարդկանց զանգվածային վերաբնակման պատճառ է կլիմայի գլոբալ փոփոխությունը: «Մենք գնահատում ենք, որ մինչեւ 2050 թվականը կլիմայի փոփոխման հետեւանքների պատճառով հարկադիր վերաբնակ կարող է դառնալ մինչեւ մեկ միլիարդ մարդ»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: