Բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ներն ակտիվորեն մեկնաբանում են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ նավի խոտակման մասին լուրը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավում եղել է մոտ 700 մարդ, իսկ փրկվածների տեղեկությամբ` նավում մինչև 900 մարդ է եղել: Ինչպես գրում է բրիտանական The Independent-ը` Եվրոպայում աչք են փակում Միջերկրական ծովում հազարավոր ներգաղթյալների մահվան վրա:

 

 

Պարբերականը նշում է, որ եթե 700 զոհերի թիվը պաշտոնապես հաստատվի, 2015թ. ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհված ներգաղթյալների թիվը կհասնի 1600-ի:

 

 

«Միջերկրական ծովում ողբերգություն է տեղի ունենում, և եթե ԵՄ-ն ու աշխարհը շարունակեն աչք փակել, այդ մասին ամենակոշտ տերմիններով կդատեն»,- թերթը մեջբերում է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսքաթիի խոսքերը: Պարբերականը հիշեցնում է, որ այդ երկրի ներկայացուցիչներն օգնել են փրկվածների որոնողական աշխատանքներում: Բացի դրանից՝ թերթը մեջբերում է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնի խոսքերը, թե` ԵՄ անդամ ավելի շատ երկրներ պետք է պատասխանատվություն ստանձնեն փախստականների շրջանում ստեղծված իրավիճակի համար:

 

 

Իր հերթին, ամերիկյան Time ամսագիրը գրում է, որ Միջերկրական ծովը եղբայրական գերեզմանոց է դարձել ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի դեմ Եվրոպայի պայքարի ֆոնին: Պարբերականը հիշեցնում է, որ միայն անցած տարի Եվրոպայի ափերին հասնելու փորձերի ժամանակ խեղդվածների թիվը կազմել է մոտ 3400: ԵՄ-ում կանխատեսում են, որ այս տարի, եղանակի տաքանալու հետ կապված, իրենց կյանքը կվտանգեն հազարավոր ներգաղթյալներ` ասվում է հոդվածում: