Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈւ գործողությունների մասին, հայտարարել է, որ իրենք ոչինչ չունեն քննարկելու Սիրիայում հարյուր հազարավոր քաղաքացիների մահվան համար պատասխանատու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան, անկախ ամեն ինչից, շարունակելու է սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
«Մեր նպատակն այդ տարածքներում քրդական վտանգի չեզոքացումն է, և վտանգը չեզոքացնելուց հետո այդ տարածքները կհանձնենք իրական տերերին` փախստականներին: Մենք ցանկանում ենք, որ մեր սիրիացի եղբայրները վերադառնան հայրենիք»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 20 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Աֆրինում պաշտպանվող քրդերը սպանել են ավելի քան 60 թուրք զինվորների եւ զինյալների: