Հարյուրավոր ամերիկահայեր, ամերիկացի և հայազգի քաղաքական գործիչներ ապրիլի 18-ին Լաս Վեգասում մասնակցել են ՀՀ պատվավոր հյուպատոսիˋ ԱՄՆ-ում առաջին գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով reviewjournal.com կայքը, նոր հյուպատոսական գրասենյակը կգործի Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի հետ համատեղ:
Լաս Վեգասի ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան-Էնդի Արմենյանի խոսքովˋ գրասենյակը կծառայի որպես մշակութային կենտրոն տեղի մոտ 20 հազար հայերի համար, ինչպես նաև մուտքի վիզայի և անձնագրային ծառայություններ կմատուցի հայերին և ամերիկացիներին: «Սա մեծ ձեռքբերում է մեզ համար, այն նաև կնպաստի Հարավային Նևադայի զարգացմանը և աճին»,- ասել է Արմենյաննˋ ընդգծելով, որ ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը խորհրդանշական կերպով տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ շաբաթ առաջ: «Այն (ցեղասպանությունը) շատ մարդկանց է այստեղ բերել կյանքը նորովի սկսելու հույսով»,- ասել է ՀՀ պատվավոր հյուպատոսը:
Ավելի վաղ, Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալը հռչակագիր էր ընդունել, որով ապրիլի 19-26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր: Իսկ ապրիլի 24-ին Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային միությունը հիմնարկեքի արարողություն կկազմակերպի Հայոց ցեղասպանության հուշարձանի համար: «Կարևոր է, որ մեր համայնքը և համընդհանուր հասարակությունն իմանան այս պատմությունը: Մենք շատ շնորհակալ ենք Նևադա նահանգին մեզ հույս ու հնարավորություն տալու համար»,- ասել է Արմենյանը: