ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնաֆն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը Սպիտակ տանն ամերիկահայ քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել են, որ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չի պատրաստվում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին գրում է asbarez.com-ը:

 

«Օբամայի նման պահվածքն ազգային անպատվություն է, դավաճանություն առ ճշմարտություն, առ վստահություն»,-ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: 

 

«Ցավոք, այս տարի Օբաման մեր ազգի կողքին կանգնելու ու ճշմարտությունը պաշտպանելու փոխարեն, կաջակցի այլ պետության ավազակային ռեժիմին»,- ասել է Խաչիկյանը` հավելելով, որ իրենք կշարունակեն ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի ԱՄՆ-ն վերջիվերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

Այնուհետև աղբյուրը հիշեցնում է, որ նախքան նախագահական աթոռին նստելն Օբաման բացեիբաց խոսել է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի մասին, ինչպես նաև խոստացել նախագահ ընտրվելուց հետո անպայման ճանաչել այն: