ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Օբամայի ելույթն ազդեցիկ է լինելու: «Ես չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում կօգտագործի «ցեղասպանություն» բառը, քանի որ այդ երկրում յուրաքանչյուր թեկնածու նախընտրական խոստումներ է տալիս հայկական համայնքին, սակայն ընտրվելուց հետո մոռանում է այդ խոստումների մասին»,-ասաց նա:

 

Նա հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագիծ: «Նման բանաձևի նախագծեր նախկինում էլ ընդունվել են, սակայն Սենատի օրակարգ երբեք չեն մտել»,- ասաց նա:

 

Արմեն Մարուքյանը ցավով նշեց, որ շատ երկրներ Հայոց ցեղասպանության հարցը վերածել են Թուրքիայի հետ առևտրի: «Սկզբից հարցը բարձրացնում են՝ Թուրքիային վախեցնելու համար, հետո արդեն հարցն օրակարգից հանելու համար Թուրքիայի հետ առևտուր են սկսում՝ ինչ-ինչ բաների դիմաց հարցն օրակարգից հանելու համար»,- ասաց նա:

 

Հայոց ցեղասպանության հարցի իրավատեր պետք է լինի միայն հայ ժողովուրդը: Մարուքյանի խոսքով, եթե մենք մեզ առաջ չմղենք, ցեցասպանության հարցը մշտապես օգտագործվելու է, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ:

 

Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը ևս համոզված է, որ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն իր քաղաքական շահերն ունի և Հայոց ցեղասպանության հարցն օգտագործում է այդ շահերի համար: «Երբ որ Հայկական հարցին լուծում տալը կհամընկնի ԱՄՆ քաղաքան շահի հետ, այն ժամանակ էլ քայլեր կձեռնարկվեն այդ հարցին լուծում տալու համար, սակայն մենք չպետք է նստենք և սպասենք ԱՄՆ-ի կամ այլ երկրների քայլերին: Մենք պետք է լինենք սրա իրավատերը և մենք պետք է ամեն ինչ անենք այս հարցն առաջ տանելու համար»,- ասաց Ալվրցյանը: