ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի նկատմամբ և հորդորել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին դադարեցնել կեղծ հավասարակշռություն պահպանել ԼՂ հակամարտության հարցում: Այս մասին Շիֆը խոսել է Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանի հետ զրույցում' անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշմանը:

 

 

Շիֆն ընդգծել է, որ մինչ Ուորլիքն իր ելույթներում հայտարարում է, թե երկու կողմն էլ բռնության են դիմում և խախտում հրադադարի ռեժիմը, իրականությունն այն է, որ հենց Ադրբեջանն է այս ամենի պատասխանատու կողմը: «Ես գրել եմ դեսպանին 2015 թվականի սեպտեմբերին' իմ մտահոգությունը հայտնելով այս հավասարության քաղաքականության առնչությամբ, քանի որ դրանք հավասարազոր գործողություններ չեն: Ադրբեջանը կրակում է հրետանուց, շփման գծում կիրառում է դիպուկահարների և Լեռնային Ղարաբաղում սպանում զինվորների, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Շիֆը' հավելելով, որ չափազանց կարևոր է, որ Ուորլիքն ավելի հստակ հայտարարություններով հանդես գա:

 

 

ԱՄՆ կոնգրեսականը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին' նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը վերջին տարին զբաղեցնող Օբամայի համար այս ապրիլի 24-ը լավագույն հնարավորությունն է համապատասխան ելույթ ունենալու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

 

 

Խոսելով նախագահի նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ թեկնածուների հնարավոր խոստումներին' Շիֆը նշել է, որ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ բավական կասկածամտորեն է դրանց մոտենում: «Կարծում եմ, որ հայ համայնքը նախագահի թեկնածուի ընտրության հարցում պետք է ուշադրություն դարձնի ավելի որոշիչ գործոնների, և չվստահի, թե թեկնածուն ինչ կասի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցավալի իրականություն է, սակայն սա ապացուցված է պատմականորեն»,- ընդգծել է կոնգրեսականը: