Արդեն վեցերորդ տարին է' նախագահ Բարաք Օբաման դրժում է հայ համայնքին տված խոստումը' ճանաչել Հայոց ցեղասպանությունը' մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված 1.5 միլիոն հայերի կոտորածը «ցեղասպանություն» կոչելով: Նա դա արել է հարգելով թուրքական կառավարությունը, որին, մի կողմ դնելով պատմական խեղաթյուրումները, Օբամայի վարչակազմը շատ կարևոր դաշնակից է համարում: Այս մասին հայտնում է քաղաքական լրագրող Ջեյք Թրափերը' CNN-ով հեռարձակվող իր հեղինակային «Ճանապարհ Ջեյք Թրափերի հետ» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ, որի վերջին հաղորդումը նվիրվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին:

 

Մեջբերվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի հայտարարությունը. «Ցավալի է տեսնել, որ մեր նախագահը, ով գրասենյակ է եկել' խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն աստիճան է իջել, որ թույլ է տալիս օտար կառավարությանը մեր երկրին թելադրել, թե ինչ ասի ցեղասպանության մասին, որ հիմնավորապես վավերագրված է մեր ազգային արխիվներում»:

 

Թրափերը նկատում է, որ ամերիկահայերի հիասթափությունը շատ ավելի խորքային է, քանզի սենատոր եղած ժամանակ Օբաման ոչ միայն խոստացել էր կոտորածներն անվանել «ցեղասպանություն», այլև այսպես վարվելու կամք էր հայտնել' ցույց տալու համար, թե ինչու է ինքն այն թեկնածուն, որի կարիքն ունի ամերիկյան ազգը: Որպես նախագահի թեկնածու նա քննադատել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին' Հայստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ազատելու համար, ինչ է, թե վերջինս «իրավացիորեն օգտագործել էր «ցեղասպանություն» բառը' 1915 թվականի հայկական կոտորածները նկարագարելու համար»: «Ես պետքարտուղար Ռայսին եմ հայտնել իմ կայուն համոզմունքն առ այն, որ Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում չէ, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ լայնորեն փաստագրված փաստ' ապացուցված ճնշող թվով պատմական ապացույցներով: Փաստերն անհերքելի են»,- ժամանակին նշել է Օբաման: «ԱՄՆ-ն արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, ով ճշիտը կխոսի Հայոց ցեղասպանության մասին և ուժով կպատասխանի բոլոր ցեղասպանություններին: Ես մատդիր եմ դառնալ այդ մարդը»,- ասել է նա 2008-ին:

 

Այսօր ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի դեսպանն է Սամանտա Փաուերը, ով Պուլիտցերյան մրցանակ է ստացել իր «Խնդիր դժոխքից: Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի համար: Գրքում Փաուերը քննադատում է ԱՄՆ նախորդ նախագահներին, ովքեր չեն կասեցրել ցեղասպանությունը' գալով այն եզրահանգման, որ «վախենալու է խոստովանել, բայց այս երկրի' չմիջամտելու հետևողական քաղաքակնությունը ցեղասպանության օրինակով վկայում է քաղաքական համակարգի ոչ միայն անսարքության, այլև անարդյունավետության մասին»:

 

«Ամերիկյան ոչ մի նախագահ երբեք գերակայություն չի դարձրել ցեղասպանությունների կանխարգելումը, և ամերիկացի ոչ մի նախագահ քաղաքական պատասխանատվություն չի կրել իր անտարբերության համար: Ուստի պատահական չէ, որ ցեղասպանությունը շարունակում է տեղի ունենալ»,- նշված է գրքում: