Բաքու մեկնած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործընթացը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ հանդիպման ժամանակ նախագահները կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում վերջին իրավիճակի շուրջ:
Ալիևը բավարարվածություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերակատարությամբ:
Ադրբեջանի պաշտոնական AZERTAJ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կողմերը փաստաթուղթ են ստորագրել Բաքվում ադրբեջանա-ֆրանսիական համալսարան բացելու շուրջ Ադրբեջանի կրթության նախարարության և Ֆրանսիայի ազգային, բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարության միջև մտադրությունների մասին: Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը և Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Երևանում ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: