Առաջիկա հինգ օրվա ընթացքում ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում, բայց կդիտվի անկայուն եղանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ, ապրիլի 30-ին' երեկոյան ժամերին, ինչպես նաև մայիսի 2-ին և 4-ին' կրկին երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում կդիտվի անձրև ու ամպրոպ, որոշ շրջաններում մեծ է կարկուտի հավանակությունը: Մայիսի 1-ին և 3-ին տեղումներ կդիտվեն միայն Լոռիում, Շիրակում ու Տավուշում: Մինչև մայիսի 4-ը ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում: Մայրաքաղաքում պետք է սպասել գիշերը 13-14 աստիճան տաքություն, ցերեկը' 24-26 աստիճան: Մայիսի 5-6-ին պետք է սպասել ցիկլոնային հորդառատ տեղումներ, որոնք կընդգրկեն հանրապետության ողջ տարածքը: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով' մայիսին հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը սպասվում է նորմայից շատ: «Մայիսյան անձրևները տարբերվում են մարտին ու ապրիլին դիտված անձրևներից, որոնք կրում են ցիկլոնային բնույթ, դրանք դիտվում են ողջ օրվա ընթացքում ու ծածկում են հանրապետության ողջ տարածքը: Իսկ մայիսին, որը համարվում է ամենախոնավ ամիսը, անձրևներն արտահայտվելու են հետևյալ կերպ. դեպքերի 90 տոկոսում օրվա առաջին կեսին կգերակշռի արևառատ, տաք եղանակ, երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, անձրևների մոտ 90-95 տոկոսը կդիտվի երեկոյան ժամերին ու գիշերը»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը' հավելելով, որ մայիսն ու հունիսը համարվում են կարկտավտանգ, այնպես որ հանրապետության առանձին շրջաններում պետք է սպասել նաև կարկուտ:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ' մայիսի առաջին տասնօրյակում մայրաքաղաքում ու հատկապես լեռնային շրջաններում' Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային հատվածներում, սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում, երբ հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կբարձրանա:
Ինչ վերաբերում է ամռան կանխատեսումներին, ապա դրանք դեռևս պատրաստ չեն, բայց Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ տաք ձմեռներին հաջորդում է տեղումնառատ ու զով ամառ: