«Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները Լոս Անջելեսում մեկնարկած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արշավի շրջանակներում օրեր անց կհասնեն Վաշինգտոն՝ Սպիտակ տան մոտ: Այս մասին մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեցին Հայաստան ժամանած, ԱՄՆ-ում գրանցված հայ մոտոցիկլավարների ակումբի անդամները:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մենք սկսել ենք իրականացնել անցած տարվա հունվարի 1-ից, իսկ որպես պետական գրանցում ստացած ոչ առևտրային կազմակերպություն՝ դարձել ենք անցած տարի հունվարի 12-ին: Այս տարի մեր խմբի մի մասը Հայաստանում էր ոգեկոչում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ մյուս կեսը Լոս Անջելեսից մեկնեց Վաշինգտոն՝ Սպիտակ տան մոտ ցույց անելու: Բայքերների «օրենքի» համաձայն՝ երթին մասնակից բայքերների թիվ չի մատնանշվում, սակայն այդ 500 կմ ճանապարհը մոտոցիկլավարների հետ ան ցնելու են մոտ 20-ական վազորդներ և հեծանվորդներ, ում անվտանգության ապահովումն ստանձնել են «Հայկական մոտոցիկլետի ակումբ»-ի անդամները», - հայտնեց ակումբի անդամ Հարություն Բոգարյանը:
Նա հավելեց, որ, անցնելով 16 նահանգ, ակցիայի մասնակիցները յուրաքանչյուր նահանգում միջոցառումներ են անցկացնելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանը:
Ամերիկահայ բայքերները ծրագրեր ունեին այս տարի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Ծիծեռնակաբերդում, սակայն, Հարություն Բոգարյանի խոսքով, մոտոցիկլետների տեղափոխման խնդիրներ առաջացան, և կազմակեպության անդամները որոշեցին իրենց տրասպոտրային միջոցների տեղափոխման համար անհրաժեշտ գումարները ուղղել հաշմանդամություն ստացած ազատամարտիկներին՝ էլեկտրասայլակների և համակարգիչների տեսքով:
«Երբ մեծ քանակությամբ մարդիկ հավաքված են ցույցի, և իրենց է միանում մոտոցիկլավարների խումբը, հայկական դրոշներով, նրանց հայտնվելը նման է խորհրդանշական բանակի գալուն, և դա մեծ ոգևորություն է տալիս ներկաներին», - նկատեց Սամվել Նաջարյանը:
Նա հավելեց, որ վերջերս ամերիկյան քաղաքներից մեկում ծրագրված էր կանգնեցնել Թալեաթ փաշայի արձանը, որի համար հավաքվել էին մոտ 110 թուրքեր, իսկ ընդդեմ արձանի բացման հավաքվեց մոտ 300 հայ: Արդյունքում՝ քաղաքապետը փոխեց իր որոշումը և արգելեց ընդհանրապես կանգնեցնել Թալեաթի արձանը: