ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր ընտրություն ավելի բարձր մակարդակի վրա է, քան նախորդները, և ժամանակի ընթացքում ընտրությունները կդառնան օրինակելի: ‹‹Ես հույս ունեմ, որ գնալով Ղարաբաղը կդառնա ավելի ժողովրդավարական երկիր, և այստեղ անցկացվող ընտրություններն էլ կլինեն օրինակելի››,- ‹‹Արմենպրես››-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արկադի Ղուկասյանը:

 

Արցախի նախկին նախագահը չբացառեց տարբերակը, որ Արցախում էլ ժամանակի ընթացքում անցնեն խորհրդարանական կառավարման ձեւի: ‹‹Հայաստանում նման գործընթացներ կան ու բնական է, որ դրա մասին մտածում են նաև Արցախում: Բայց կարծում եմ՝ դեռևս շտապել պետք չէ: Տեսնենք, թե ինչով կավարտվի այդ ընթացքը Հայաստանում: Ընդհանրապես, սա ժողովրդի որոշելու հարցն է: Անձամբ իմ կարծիքը կարտահայտեմ մի քիչ ուշ»,- ասաց Արկադի Ղուկասյանը' հավելելով, որ Արցախում նկատելի է զարգացում:

 

‹‹Արմենպրես››-ի թղթակցի՝ հնարավո՞ր է արդյոք նրա վերադարձը քաղաքականություն հարցին ի պատասխան, Ղուկասյանն ասաց. «Իսկ ե՞րբ եմ ես դուրս եկել քաղաքականությունից: Ձեզ թվում է, ես քաղաքականությունից դու՞րս եմ: Հիմա ես զբաղված եմ Լեռնային Ղարաբաղի հարցով, և այն մարդիկ, ովքեր խոսում են, թե Ղուկասյանը Ղարաբաղում չէ` սխալվում են: Ղուկասյանը միշտ Ղարաբաղում է: Իմ ընտանիքն այստեղ է, իսկ ես և´ Հայաստանում, և´ Ղարաբաղում զբաղվում են Ղարաբաղի հարցով»:

 

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: