Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը մեկնարկեց պատգամավորների աննախադեպ ներկայությամբ: Նման ներկայություն խորհրդարանը բավական երկար ժամանակ չէր տեսել, այն էլ՝ նախընտրական շրջանում, որ «ամենաէկզոտիկ» պատգամավորներն անգամ իրենց բազմազբաղ կենցաղը թողնեին ու գային աշխատանքի: Փաստորեն, նրանք էին կարոտել խորհրդարանը: Դե, եթե հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընթացքում այստեղ դեռ ոտք չդրած Գագիկ Ծառուկյանն էր եկել, կարելի է պատկերացնել, թե մյուսներն ինչ փութաջանությամբ եկած կլինեին:
Խորհրդարանում արդեն երկար տարիներ «բուֆետը» մի տեսակ ցուցիչի դեր է կատարում: Հատկապես բուռն քննարկումների օրերին «բուֆետը» եռում է, պատգամավորներն իջնում են այստեղ, հաց ուտում, սուրճ խմում, ձեռքի հետ էլ պայմանավորվածություններ ձեռք բերում. եթե օրինագծերի հետ կապ ունեցող գործադիրի անդամներ են լինում, հենց «բուֆետն» էլ դառնում է բոլոր հարցերը լուծելու գործողության հիմնական վայրը:
Աշնանային նստաշրջանի ընթացքում էլ «բուֆետը» գրեթե միշտ մարդաշատ էր: Ի տարբերություն Չորրորդ գումարման Ազգային ժողովի՝ հիմա աշխատող պատգամավորների թիվը, ինչպես հայտնի է, ավելացել է, որոնք նիստերին չբացակայելով, հընթացս քաղց զգալով ընդմիջմանը, որպես կանոն, իջնում են ԱԺ, սնվում և բարձրանում աշխատելու:
Բայց այսօր «բուֆետը» զարմանալիորեն գրեթե դատարկ էր. բացի մի երկու դաշնակցական պատգամավորից, այստեղ օրենսդիրների հետք անգամ չկար: Աշխատակիցների ասելով՝ արդեն տևական ժամանակ «բուֆետի» այցելուների թիվը պակասել է, անգամ ԱԺ աշխատակազմից քչերն են իջնում այստեղ ճաշելու:
«Դե, ինչ իմանաս, երևի հնարավորություն չունեն»,- կարծիք հայտնեց մեկը:
«Հնարավորություն չունենալը» պատգամավորների պահով, իհարկե, բացառելի է: Նրանց վերաբերմունքն ԱԺ-ի «բուֆետին» ավելի շատ պայմանավորված է մեր օրենսդիրների քիմքի նրբանկատությամբ. ըստ մեր խորհրդարանականների, օրենսդրական գործունեության թիվ մեկ խթանը բարձրակարգ սնունդն է, այնպես որ, ինչքան ավելի բարձրակարգ է ռեստորանը, որտեղ սնվում է պատգամավորը, այնքան ավելի մեծ արդյունավետություն կարելի կլինի ապահովել օրենքների թողարկման գործընթացում: Այստեղից էլ՝ ԱԺ-ի «բուֆետից» օրենսդիրների բացակայությունը: Հատկապես այսօր: Առաջին օրը, բնականաբար, մեր ազգընտիրները չէին կարող անտեսել և չնշել ինչպես հարկն է, իսկ դա, իհարկե, չէր կարելի ինչ-որ շարքային տեղում կազմակերպել:
Իսկ արդեն այն, որ անգամ երկրի խորհրդարանի աշխատակազմն է դժվարանում ոչ այդքան բարձր գներով առանձնացող ճաշացանկ ունեցող բուֆետից օգտվել և, փաստորեն, անգամ պատգամավորների մերձավորների ֆինանսական հնարավորությունները ավելանալու փոխարեն դեռ մի բան էլ հետընթաց են արձանագրել, արդեն խորհելու տեղիք է տալիս: Թեև, 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ արդեն իսկ գուժում էին, որ թանկացումների և չավելացող եկամուտների պարագայում հաջորդ տարի կյանքն ավելի է թանկանալու:
Դատելով ԱԺ «բուֆետից» ու նրանից, որ անգամ խորհրդարանի աշխատակազմում են նախընտրում գումար խնայել և բավարարվել տնից բրդուճ բերելով, կարելի է դատողություններ անել, թե ինչ վիճակում են այս օրերին գազի ու հոսանքի վարձավճարներին թվերը սրտի դողով սպասող թողակառուներն ու մի կերպ գոյություն քարշ տվող մյուս աշխատող ու չաշխատող ՀՀ քաղաքացիները, որոնց եկամուտները, ինչպես գիտենք, հակադարձ համեմատության մեջ են մեր օրենսդիրների եկամուտներին. որքան ավելանում են մեր ազգընտիրների եկամուտները, այնքան շարքային քաղաքացիների գրպանները դատարկվում են: Իսկ թե նման կենսամակարդակ ունեցող քաղաքացիներն ինչպես են հանկարծ ու վերածվելու ապահով երկրի քաղաքացիների, արդեն նախագահի խորհելու գործն է: Իսկ նա, երևի թե, ձևը գիտի…
Լուսինե Կեսոյան