ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը: Ծառայությունը թե «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ում, թե Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության արդյունքների համաձայն՝ «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակն ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջներին, իսկ Գարիկ Դանիելյանին պատկանող արտադրամասի «թթվասերը» չի համապատասխանել որոշմանը ԱՑԽՄ և խմորասնկեր ցուցանիշներով:

 

 

Երկու արտադրողներին սանիտարական օր կազմակերպելու, արտադրական սարքավորումներն ախտահանելու, նշված սննդամթերքի արտադրությունը ներկայացված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև փորձնական արտադրանք թողարկելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու հանձնարարականներ են տրվել: Միաժամանակ՝ «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ին հանձնարարվել է հետ կանչել իրացման կետերից և օգտահանել 2014 թվականի մայիսի 16-ին արտադրված «Չանախ» պանրի, իսկ Գարիկ Դանիելյանին՝ «թթվասեր»-ի խմբաքանակները:

 

 

Խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել մինչև 2015 թ. մայիսի 20-ը: