ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝

- արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, հատակին առկա են եղել ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս,

- սարքավորումները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և աշխատանքներ,

- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: