ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

- Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Ձեր կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության գործում սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

 

 

- Լեռնային Ղարաբաղի և առհասարակ նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարության ամրապնդումն է:

 

 

Մայիսի 3-ին կայացած ընտրությունները կրկին փաստեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է՝ ձևավորելու ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող պետություն:

 

 

Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները նույնպես փաստեցին, որ ընտրություններն անցել են ազատ, արդար և միջազգային ընտրական իրավունքի նորմերին համապատասխան:

Սա ևս մեկ ձեռքբերում էր Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

- Ինչո՞ւ ԲՀԿ-ն չներկայացրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ սեփական առաջարկները:

 

 

- Երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, առկա են սոցիալական բազում առաջնահերթություններ, և բնական է, որ ԲՀԿ-ն դեմ էր լինելու այս ժամանակահատվածում երկրի կառավարման մոդելի փոփոխմանը:

 

 

Հավելեմ, որ ԲՀԿ ծրագրային դրույթներում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու մասին շատ հստակ ամրագրված է, սակայն պետք է դասակարգել երկրի համար առաջնայինն ու երկրորդականը:

 

- Ի՞նչ ծրագրեր ունի ԲՀԿ-ն մինչև ամառ և ամառվա ընթացքում: Եվ ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում այդ ժամանակահատվածում:

 

 

- Գործունեություն ծավալելիս՝ կուսակցություններն իրավունք չունեն երկարատև դադար վերցնել, առավել ևս մեր երկրի պարագայում, երբ խնդիրներն ու մարտահրավերներն անասելի շատ են:

Ամռան ընթացքում նույնպես մենք շարունակելու ենք մեր բնականոն գործունեությունը: Առաջիկայում կբացվի կուսակցության նոր կենտրոնական գրասենյակը:

 

 

Ինչ վերաբերում է գնահատականներ և կարծիքներ հնչեցնելուն, ապա զերծ կմնամ քաղաքական կանխատեսումներ անելուց:

 

 

Ժամանակը ցույց տվեց, որ որոշ նախկին ԲՀԿ-ականներ այնքան էլ հավատարիմ չեղան սեփական կուսակցությանը, երբ ԲՀԿ-ն հանդիպեց անսպասելի իրավիճակի:

 

 

Ես բազմիցս հայտարարել եմ, որ զերծ կմնամ որևէ գնահատական տալուց կամ, առավել ևս, պիտակավորելուց. յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ուղին և այդ ուղուց դուրս գալու ժամանակը:

 

 

Ինքս պատիվ եմ ունեցել գտնվելու կուսակցության ակունքներում, դեռ այն ժամանակ, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը բաղկացած էր ընդամենը 7 հոգուց: Դա մի ժամանակաշրջան էր, երբ դեռ նոր էինք ձևավորում տարածքային կառույցները, զրոյից համախմբում էինք կուսակցության անդամներին, համախոհներին և հիմնում տարածքային ստորաբաժանումներ, սկզբնական կառույցներ և համալրվում սեփական հայրենիքի խնդիրներով մտահոգ, ազնիվ ու արհեստավարժ մարդկանցով:

 

 

Առանձնահատուկ էր զուգահեռ ձևավորվող ԲՀԿ Երիտասարդների միությունը, որը կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի ամենադինամիկ երիտասարդական կազմակերպությունը: Վստահ եմ, որ յուրաքանչյուր գործում հենց նվիրումը, աշխատասիրությունն ու կամային ուժեղ հատկանիշներն են հաջողության հասնելու գաղտնիքները: