Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան քննարկել է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հեռանկարները: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Սա նոր թեմա է, և մենք այսօր առաջին անգամ ենք այս մասին խոսում լրատվամիջոցների համար: Համապատասխան նախաձեռնությունն իրանական կողմից եղել է բոլորովին վերջերս, և այն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փորձագիտական և կառավարական շրջանակների կողմից հավանության է արժանացել, և մենք պլանավորում ենք առաջիկայում սկսել Իրանի հետ այդ հարցում բանակցությունների նախապատրաստական աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սլեպնյովը:

 

 

Նա հայտնեց, որ առաջիկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկումներ կանցկացնի հայ գործարարների հետ՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու մոտեցումները հասկանալու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որը ցամաքային սահման և առևտրի երկար տարիների փորձ ունի Իրանի հետ:

 

 

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, ԱրաՆռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ ԵԱՏՄ նորմաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏ Մ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում: