Մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միությունը պլանավորում է Վիետնամի հետ կնքել Ազատ Առևտրի համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը Երևանում անցկացվող Հայկական առևտրային ցանցի 2-րդ գործարար ֆորումի ընթացքում: «Առաջիկա օրերին Եվրասիական տնտեսական միությունը պլանավորում է Վիետնամի հետ կնքել Ազատ Առևտրի համաձայնագիր: Սա նշանակում է, որ Վիետնամից ապրանքներ ներմուծելիս և արտահանելիս դրանք կիրականացվեն զրոյական մաքսատուրքերով»,-ասաց փոխնախարարը' հավելելով, որ բարենպաստ ռեժիմներ սահմանելու ծրագրեր կան նաև Իրանի ու այլ երկրների հետ:

 

 

«Առաջիկա շաբաթների ընթացքում լինելու է քննարկում այս հարցի շուրջ, ԵԱՏՄ-ից կունենանք բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն կարգավորումների փաթեթը»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում փոխնախարարը հայտնեց, որ Վիետնամը, լինելով արդյունաբերականացված երկիր և ունենալով զգալի շուկա, կարող է հայկական ապրանքների համար լինել գրավիչ: «Մենք գլոբալ առումով նպատակ ունենք մեր արտաքին առևտրի կառուցվածքը հնարավորինս դիվերսիֆիկանցնել: Արտահանման շուկաները, որքան լինեն ավելի տարբերակված, աշխարհագրությունը լինի ընդգրկուն, այնքան հնարավոր շոկերի, միջազգային ֆինանսական ու տնտեսական շուկաներում ցնցումների դեպքում մեր տնտեսությունը կլինի ավելի դիմացկուն, կարող, դրսից եկող խոչընդոտներին դիմակա յող: Այս տեսանկյունից այդ տարածաշրջանի երկրների շուկաները կարող են հետաքրքիր լինել տեղական ապրանքի համար և զրոյական մաքսատուրքերի պարագայում լավ պայմաններ կստեղծվեն այդ ապրանքների արտահանման համար»,-ավելացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: