Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի ցանկանում դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ չնայած ներկայիս քաղաքական հակասություններին: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:

 

Կանցլերը հավելել է, որ ներկա պահին երկու երկրի մոտ դիտվում են քաղաքական խնդիրներ, որոնք պետք է լուծել քաղաքական քննարկումների օգնությամբ:

 

«Հեռանկարում մենք տեսնում ենք ազատ առևտրի խոշոր գոտու ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Մերկելը Շտրալզունդում անցկացված տնտեսական համաժողովի ժամանակ:

 

ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ, ուղղված չեն Ռուսաստանի դեմ' վստահեցրել է գերմանական կառավարության առաջնորդը:

 

«Մենք քայլ առ քայլ կմոտենանք ընդհանուր տնտեսական տարածքի, ինչպես մի անգամ Վլադիմիր Պուտինն է ասել՝ Վլադիվոստոկից Լիսաբոն»,- հավելել է նա:

 

Մերկելն առաջնահերթ խնդիր է համարում Մինսկի պայմանավորվածությունների կատարումը՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: