Իսրայելի և Եվրասիական տնտեսական միության համատեղ հետազոտական խումբը եկել է այն եզրակացության, որ նպատակահարմար է ստեղծել ազատ առևտրի գոտի: Փորձագետները պատրասվտում են ամռանն իրենց երկրների ղեկավարությանն առաջարկություն ներկայացնել բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի' ԵԱՏՄ-ի ղեկավար մարմնի առևտրական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոչինը:
Ավարտված աշխատանքի ընթացքում փորձագետները, նրա խոսքով, հաշվարկել են, որ Իսրայելը և ԵԱՏՄ-ի չորս մասնակիցները' Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, արդյունքում կարող են առևտրատնտեսական համագործակցության քանակական ու որակական աճ ապահովել:
Հետազոտական խմբի հանձնարարականները բովանդակող հաշվետվությունը նախ պետք է ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, որի մեջ մտնում են մասնակից երկրների փոխվարչապետները, իսկ այնուհետև, դրական որոշման դեպքում, Իսրայելի հետ բանակցություններ սկսելու հարցը կփոխանցվի ԵԱՏՄ-ի երկրների նախագահներին: