Հայաստանը ԵԱՏՄ անդամ ամենափոքր երկիրն է, սակայն նույնիսկ այդպիսի փոքր երկիր լինելով՝ անծայրածիր հնարավորություններ է ձեռք բերում և կրկնապատկվում են այդ հնարավորությունները, եթե հաշվի է առնվում սփյուռքի գործոնը: «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի իր ելույթում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի հանրահայտ գիտնականների մասնակցությունը , իրենց գիտական ելույթները հետաքրքրիր կլինեն գործարարների համար և համագործակցության հնարավորություն կստեղծեն:
Աբրահամյանի խոսքով' «Եվրասիական շաբաթ 2018» համաժողովը նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացման միջոցով Միության անդամ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդմանը:
«Ամեն տարի մեր ֆորումի մասնակցության ցուցանիշներն աճում, իսկ «Եվրասիական շաբաթ» ֆորումի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն մշտապես գործող է: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ապագայում ԵԱՏՄ երկրների ձեռնարկատերերի համար այնպիսի համակարգի ստեղծումը, որը նաև մեծ հարթակ կհանդիսանա գործարարների միջև համագործակցության համար»,-ասաց նա:
Արա Աբրահամյանի խոսքով'ավելի քան 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկայի ներուժը հետաքրքրություն է առաջացնում գործընկերների շրջանում:
«Բոլորս լավ գիտենք, որ բիզնեսը սիրում է ներդրումներ, իսկ ներդրումներն ուղղվում են այնտեղ, որտեղ պլանավորման հասկանալի մեխանիզմներ կան: Այսօր աշխարհում բազմաթիվ խնդիրներ կան, և Հայաստանի համար տրանսպորտային շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու այլ բարդություններն ավելի են միավորում բոլորին: Այսօր մենք տենում ենք ԵԱՏՄ շուկայի ներսում աճի դինամիկա և վստահ ենք, որ այս ներուժը դեռևս մինչև վերջ չի օգտագործված»,-հավելեց Աբրահամյանը՝ մաղթելով համաժողովի արդյունավետ աշխատանք: