Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջարկում է խորհրդարանում քննարկել, թե ինչ հարցեր կարելի է դնել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության առջև, որը պատրաստվում է ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ պետք չէ խորհրդարանի ամբիոնում հռետորաբանության մրցույթ կազմակերպել, երբ ռուսական խոշոր ընկերություններից մեկը պատրաստվում է 500 միլիոն դոլարի ներ դրումներ անել «Նաիրիտ» գործարանում: «Եթե մենք իսկապես հայրենասեր ենք, ապա եկեք այստեղ հռետորաբանության մրցույթ չկազմակերպենք, և իսկապես մտածենք «Նաիրիտ»-ի մասին»,-նշեց նա:

 

Գեղամյանն առաջարկեց խորհրդարանում քննարկել, թե ինչ ընթացակարգերով պետք է իրականացվեն ներդրումները, որոնք պատրաստվում է իրականացնել «Ռոսնեֆտ» ընկերությունը: Նա նշեց, որ ճիշտ չի լինի այս պահին «Նաիրիրտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծել:

 

Ազգային ժողովը քննարկում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 19-ին բացասական եզրակացություն էր տվել որոշման նախագծին, ինչից հետո ՀՅԴ խմբակցությունն այն ներկայացրել էր արտահերթ քննարկման:

 

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց ուղղությամբ աշխատանքների մասին զեկուցվել է Սոչիում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետը նշել է, որ ներդրումներն առնչվում են նաև «Նաիրիտ« գործարանին. նոր ստեղծվելիք գործարանում հիմնականում աշխատելու են «Նաիրիտ»-ի ներկայիս աշխատակիցները: