Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը միամտություն է համարում Ուկրաինայում բողոքի ցույցերի բռնկումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրման հետ կապելը: Դա միայն պատրվակ էր, որից հետո հիանալի կերպով գործի անցան ուժերը, որ տարիներ շարունակ պատրաստվել էին պետական հեղաշրջմանը Ուկրաինայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին Գեղամյանը նշել է «КАВПОЛИТ»-ին տված հարցարույցում: Ըստ նրա' տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը և կիրառված տեխնոլոգիաները հիշեցնում են հայտնի գիտական աշխատությունները' հատկապես Էդվարդ Լյութաքի «Պետական հեղաշրջում. գործնական ձեռնարկ»-ը և Ջոզեֆ Օվերտոնի նկարագրած «Օվետրոնի պատուհան» կոչվող տեխնոլոգիան:
Պատգամավորի դիտարկմամբ' իրադարձությունների նման զարգացմամբ ուկրաինական պետականությունը գնալով անդունդը կգլորվի: Ուկրաինայի Կենտրոնական բանկի ժամանակավոր կառավարչի հրապարակած տվյալների համաձայն' վերջին երկու ամիսների ընթացքում ուկրաինական ոսկու պաշարները 17.5 միլիարդ դոլարից ինջել են 15 միլիարդ դոլարի: Գրիվնը արժեզրկվել է, իսկ ազգային արժույթի արժեզրկումը հանգեցնում է գնաճի և թանկության: «Եթե աշխատավարձի աճը չհասնի գնաճին, ապա դա կհնագեցնի բնակչության զգալի հատվածի կենսամակարդակի կտրուկ նվազմանը: Այս ամենին պետք է ավելացնե լ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, առանց որոնց կատարման Ուկրաինայի օտարերկրյա «առատաձեռն» հովանավորները վարկային գիծ չեն բացի»,- նշել է Գեղամյանը' հավելելով, որ եթե նույնիսկ ընդունեն խիստ միջոցներ, որոնք պահանջում է ԱՄՀ-ն, եւ որոնք ենթադրում են, որ պետք է կրճատվեն որոշ սոցիալական ծրագրեր, ավելացվեն գազի սպառողական գները, այս ամենը, ի վերջո, կհանգեցնի հիպերգնաճի, ապա' դեֆոլտի:
Քանզի ոսկու պաշարների 15 միլիարդ դոլարը 75 միլիարդ դոլար պետական պարտքի դիմաց ոչինչ է: «Մայդանի պատճառով պարալիզվել է արևմտյան Ուկրաինայի ողջ տնտեսությունը, թեև այնտեղ տնտեսություն առանձնապես չի էլ եղել»,- նկատել է Գեղամյանը:
Ուկրաինայի պետականության և քաղաքացիական բնակչության միակ փրկությունը, ըստ Գեղամյանի, կլինի Ղրիմի հիմքի վրա ստեղծել ապագա Ուկրաինայի մոդել, որը վարակիչ կլինի նաև պետության արևմտյան շրջանների համար: Շատ կարևոր է, որ Ղրիմը ցուցաբերի կայունություն, անկեղծ նվիրվածություն ժողովրդավարությանը, իսկ ամենակարևորը, որ նրա բոլոր պետական և տնտեսական հաստատությունները աշխատեն մաքուր, ռիթմիկ և դինամիկ: Նույնը վերաբերում է Խարկովին, Դոնեցկին, Լուգանսկին և մյուս շրջաններին, որ կցանկանան միանալ այդ մոդելին:
«Մայդանը հորինվել է Ուկրաինայի և Ռուսաստանի մերձեցումը և հատկապես առաջինի միացումը Մաքսային միությանը կանխելու համար»,- եզրահանգում է ԱԺ պատգամավորը: -Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ նույնպես փորձում են կանխել երկրի մուտքը Մաքսային միությանը, քանզի արևմտյան ստրատեգներին քաջ հայտնի է, որ 400 միլիոնից ավելի բնակչություն ունեցող տնտեսական հասարակությունները ժամանակի ընթացքում կարող են վեր ածվել ինքնաբավ աշխարհատնտեսական կենտրոնների: Մաքսային միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել Իսրայելը, Վիետնամը, Սիրի ան, Թուրքիան: Այդ մասին խորհում են նաև մյուս երկրները: Մաքսային միությանը միանալուց հետո նրանք անխուսափելիորեն իրենց ողջ առևտուրը կվարեն ազգային արժույթով կամ մեկ ընդհանուր արժույթով, որը մինիմումի կհասցնի Եվրոպական Կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տպագրիչ մեքենայի հնարավորությունները»:
Գեղամյանի դիտարկմամբ' միջազգային քաղաքականության ներկայիս սրացումները Արևմտյան աշխարհի գոյատևման պայքարն են խորհրդանշում: Գոյատևում ասելով ի նկատի է առնվում ժամանակակից ԱՄՆ-ի և Եվրոպական միության ներկա կենսամակարդակի պահպանումը: Արևմտյան քաղաքական գործիչները վախենում են, որ կենսամակարդակը կիջնի, ուստի ամեն ինչ անում են, որ այն գոնե պահպանվի: