Առաջիկա օրերին Հայաստանի կառավարությունը կստանա Համաշխարհաին բանկի վերջնական եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ:
Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էերգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնեց, որ Համաշխարհային բանկի նախնական եզրակացությունն արդեն կառավարությունը ստացել է, իսկ վերջնականը կստանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում: «Մենք արդեն ստացել ենք նախնական եզրակացությունը, և ես կարող եմ հայտարարել, որ Համաշխարհային բանկը ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ «Նաիրիտ»-ի հետագա շահագործումը նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը:
Նախարարը, սակայն, ընդգծեց, որ սա չի նշանակում, թե կառավարությունն այլևս չի զբաղվելու գործարանի հետագա շահագործման խնդիրներով: «Գործարանի հետագա ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և եզրակացությունների վերջնական տարբերակները ստանալուց հետո կկայանան քննարկումներ կառավարությունում, որոնք կլինեն բաց և թափանցիկ հանրության համար»,- ասաց Երվանդ Զախարյանը;
Նրա խոսքով՝ «Նաիրիտ» գործարանը բոլոր տարիներին Հայաստանի համար եղել է առաջին արտադրական կարևորագույն ձեռնարկություններից մեկը, ուստի գործարանի հետ կապված ցանկացած քայլ կներկայացվի հանրությանը՝ հանդիպումների, քննարկումների, տարբեր կարծիքներ լսելու եղանակով: Նախարարը վստահեցրեց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված որևէ հարցի լուծում փակ չի լինելու, և ամեն ինչ լինելու է բաց հանրության համար: