ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը: Այս մասին ասված է նրա ուղերձում.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Վստահ եմ, որ հենց այս սկզբունքային ու արդյունավետ գործելաոճն է հանգեցրել Հատուկ քննչական ծառայության` որպես անկաշառ ու պրոֆեսիոնալ կառույցի` մեր երկրի իրավապահ մարմինների համակարգում ունեցած դերակատարության աճին:
Իմ աշխատանքի ընթացքում գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվության մեծ զգացումով ու նվիրվածությամբ, փորձել եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ծառայությունում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց ու ազնիվ քննիչներ, ովքեր ի զորու են կատարել որակյալ նախաքննություն:
Հպարտ լինելով ծառայության նշված և մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար:
Անկեղծորեն և վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետևից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ և պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»: