Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը (գործելու է 3 տարի) նախատեսվում է կնքել մինչև մայիսի վերջ:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Ներկայում այն ներպետական գործընթացներում է գտնվում, բավականին արագ ընթանում ենք առաջ: Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կստորագրվի համաձայնագիրը, և արդեն դրանից հետո մի քանի ամսվա ընթացքում արդեն ուժի մեջ կմտնի: Համոզմունք ունեմ, որ մինչև տարեվերջ կունենանք ուժի մեջ մտած փաստաթուղթ »,-ասաց փոխնախարարը:
Համաձայնագրով նախատեսվում են ինչպես ոչ սակագնային կարգավորման պարզեցումներ, այնպես էլ սակագնային իջեցումներ մի խումբ ապրանքնատեսակների մասով, որոնց արտահանմամբ Հայաստանը մեծապես հետաքրքրված է: Ըստ փոխնախարարի' որոշ դեպքերում մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը: «Համաձայնագրով խոսք է գնում երկու կողմում 400-500 ապրանքներին տրվող արտոնությունների մասին: Հայկական ապրանքների համար, եթե ապրանքային խմբերով դիտարկենք, 13-14 ապրանքախմբի մասին է խոսք գնում, որոնց արտահանմամբ մենք բավականին հետաքրքրված ենք»,-նշեց Հովհաննես Ազիզյանը: Մասնավորապես, համաձայնագրում ներառված են այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսին են հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրավենիքը, տեսքտիլ արտադրանքը, ոսկերչական իրերը, մսամթերքը և այլն:
Ինչ վերաբերում է ոչ սակագնային կարգավորումներին, ապա դրանով դուրս կգան լրացուցիչ սահմանափակումները նշյալ ապրանքատեսակների նկատմամբ իրանական շուկայում, որը բավականին պաշտպանված է' ուղղված ներքին արտադրության խթանմանը:
Հարցին ի պատասխան'կա՞ն արդյոք հաշվարկներ, թե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որքանով կաճի Հայաստանից Իրան արտահանումը' փոխնախարար Ազիզյանն ասաց. «Հաշվարկներ, իհարկե, իրականացվել են, առանց դրանց հնարավոր չէ գնալ ազատ առևտրի համաձայնագրի: Մեր գնահատումներով' այն զգալի ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա դեպի Իրան, այս փուլում կարող եմ ասել ընդամենը «զգալի» բառը: Մեր կողմից ներկայացված ապրանքների արտահանման գծով ունենք բավականին մեծ ներուժ: Այն, ինչ ունենք հիմա, բավականին փոքր մասն է նրա, որ նախատեսում ենք արտահանել հետագայում»: