Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն 2019 թվականին Նիդերլանդների երեք քաղաքներում' Ամստերդամում, Հաագայում և Էյնդհովենում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին որոշումը պաշտոնապես կհաստատվի միայն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում' մայիսի 17-ին: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն' լողափնյա ֆուտբոլը, թիավարությունը (կանոե, սպրինտ), հեծանվասպորտը (խճուղային, լեռնային, BMX), սպորտային և գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, սուսերամարտը, հրաձգությունը, սեղանի թենիսը, տրիատլոնը, վոլեյբոլը, լողափնյա վոլեյբոլը, նետաձգությունը, ջրային մարզաձևերը (լող, գեղալող, ջրագնդակ, ջրացատկ), բադմինտոնը, բասկետբոլը (3х3), բռնցքամարտը, ըմբշամարտը, ձյուդոն, կարատեն, թաեքվոնդոն:

 

 

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ՝ Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), ձյուդոյում՝ 3 մարզիկներ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ, հրաձգությունում՝ 2 մարզիկ՝ Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ՝ Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ):

 

 

Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան և Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: