Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն արտահերթ ռեժիմով քննարկել Ազգային ժողովի լիագումար նիստում:

 

ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել՝ ԱԺ մեկնարկած քառօրյայի ընթացքում էլեկտրաէներգիայի թանկացման հարցն արտահերթ քննարկման դնելու հարցով:

 

«Ես խնդրում եմ բոլոր պատգամավորներին, ովքեր մտահոգված են այս խնդրով, ստորագրել մեր նախաձեռնության տակ, որպեսզի մենք կարողանանք հենց այս քառօրյայի ընթացքում արտահերթ քննարկել այդ հարցը»,- նշեց Զուրաբյանը:

 

Նա հայտնեց նաև, որ իրենց նախաձեռնության տակ արդեն ստորագրել է 17 պատգամավոր: Ազգային ժողովում որևէ հարց արտահերթ ռեժիմով քննարկելու համար հարկավոր է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը, ինչը նշանակում է, որ հարցի արտահերթ քննարկմանը հասնելու համար բավարար կլինի 44 պատգամավորի ստորագրություն: