«Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Ազգային ժողովի խմբակցություններին' աշխատանքային խումբ ձևավորելու նախաձեռնությամբ, որը ձեռնամուխ կլինի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակմանը և որոնց ուժով կկանոնակարգվեն գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձևավորման սկզբունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասի ն հայտարարվել է ՕԵԿ-ի հուլիսի 23-ին կայացած քաղաքական խորհրդի նիստի ժամանակ:

 

Առաջարկվել է հանձնաժողովի կազմում գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել մեկական ներկայացուցիչներ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից, ինչպես նաև' ԱԺ-ում ձևավորել մշտական համագործակցության ձևաչափ' բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների թանկացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ:

 

ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:

 

Քաղաքական խորհուրդը նաև շնորհակալություն է հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստով մտահոգ քաղաքական և հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին' կուսակցության հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար:

 

Նիստին քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

«Օրինաց երկիր» կուսակցությունը հունիսի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան' ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:

 

Դատարանը մերժել էր քննարկել դիմումը, որից հետո կուսակցությունը 2014 թվականի հուլիսի 10-ին կրկին անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան' «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» արդեն 2014 թվականի հուլիսի 1-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Համապատասխան դիմում է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին' վերանայելու սահմանված սակագները: