ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է Սպիտակ տունը։
Խումբն ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում հունվարի 27-ից: Այն գլխավորում է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որն իր աշխատանքը համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Խմբի կազմում ընդգրկվել են Սպիտակ տան եւ կառավարական մի քանի հիմնարկությունների փորձագետներ, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունների գծով երկրի առաջատար մասնագետները:
Այդ կառույցի խնդիրների թվում է՝ իրադրության մոնիթորինգի եւ վիրուսի տարածման կանխման միջոցառումների մշակումը, ինչպես նաեւ բնակչությանը ժամանակին իրավիճակի մասին տեղեկացնելը:
Սպիտակ տունը նշել է, որ ներկա դրությամբ «Միացյալ Նահանգներում վարակի տարածման ռիսկի մակարդակը ցածր է մնում»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի առաջատար տնտեսական խորհրդական Լարի Քադլոուն հայտնել է, որ ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
«Մենք նրանց օգնության ենք ուղարկում CDC-ի մեր լավագույն փորձագետներին: Չինացիներն են մեզ հրավիրել»,- ասել է Քադլոուն: Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: