ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ
համաձայնագիրը բավականին ստանդարտ է իր բոլոր պայմաններով եւ վերաբերում է նրան, որ Տաջիկստանի եւ Հայաստանի քաղաքացիները փոխադարձաբար միմյանց երկրներ կկարողանան այցելել առանց վիզաների:
«Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր, եւ համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը Շավարշ Քոչարյանին հարց ուղղեց՝ պայմանագրում կա՞, արդոք, ինչ-որ տարբերություն նախկին Խորհրդային Միության երկրների հետ կնքած պայմանագրերի ժամկետների համեմատությամբ։ Փոխարտգործնախարարը պատասխանեց, որ նույնն է, չկա տարբերություն:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, որպեսզի օրենքի նախագիծն ընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում: