ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդիպել է Հայաստանի ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը և պատրաստ է շարունակել այդ երկխոսությունը: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը:

 

«Մենք գիտակցում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը Հայաստա նում և կշարունակենք նպաստել ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ հետևողական լինելով ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանված կարգերին»,-ասաց Թագուհի Ջահուկյանը:

 

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեության կապակցությամբ: Մասնավորապես, նրանց մտահոգել է այն փաստը, որ Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում:

 

«Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160$), այլև անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը:

 

Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել»,-ասված է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարության մեջ: