Եգիպտոսում զանգվածային բնույթ ստացած քաղաքացիական բախումների պատճառով Կահիրեում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցներին հետ կանչելու հարց Հայաստանի արտգործնախարարությունում չի քննարկվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրվանից սկիզբ առած բախումների հետևանքով, ըստ «Մուսուլման եղբայրների» տարածած հաղորդագրության, զոհվել է 3.000 մարդ։ Սակայն երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թիվը 638 է։
Նշենք նաև, որ պաշտոնից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը ցանկանում է հետ բերել իշխանությունը, կոչ է արել երկրում «ցասման ուրբաթ» իրականացնել:
Տիգրան Բալայանի խոսքով՝ արտգործնախարարության նախնական տվյալներով, Եգիպտոսում բնակվում է մոտ 400 երկքաղաքացիներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հայերը դարեր ի վեր բնակվում են և հիմնականում կենտրոնացած են երկու խոշոր քաղաքներում' Կահիրեում և Ալեքսանդրիայում, որոնցում, ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի, Կահիրեում կա 4000, իսկ Ալեքսանդրիայում՝ 2000 հայ:
Հայերի հիմնական միգրացիան դեպի Եգիպտոս սկսվել է 19-րդ դարասկզբին, չնայած այն փաստին, որ դեռևս 11-րդ դարի վերջերին Եգիպտոսում բնակվում էր 300.000 հայ և ունեին 37 գործող եկեղեցի: Հայերը պահպանել են հայերենը, ունեն դպրոցներ, եկեղեցիներ և սոցիալական բնութագիր:
«Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ապա հիմա փորձում ենք տուրօպերատորներից ճշտել հստակ թիվը, թե քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Եգիպտոսում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ամռան սկզբին հանդես եկավ կոչով՝ ձեռնպահ մնալ Եգիպտոս՝ զբոսաշրջային նպատակով այցելություններից, իսկ մի քանի օր անց հայտարարվեց թեժ գծի հեռախոսահամարը, որը գործում է Կահիրեում ՀՀ դեսպանատանը:
Ըստ Տիգրան Բալայանի ամփոփման՝ այս ընթացքում չի եղել դեպք, երբ մարդիկ ցանկացել են վերադառնալ, սակայն նրանց չի հաջողվել:
Օրերս իր քաղաքացիներին նման կոչ է ուղղել նաև ՌԴ արտգործնախարարությունը, նշելով, որ բացի զանգվածային անկարգություններից՝ Եգիպտոսում ավելացել են հանցագործությունների թիվը և հարձակումները ինչպես քրիստոնեական տաճարների, այնպես էլ մզկիթների վրա:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց եգիպտահայ համայնքից քաջատեղյակ անձը, ի տարբերություն սիրիահայերի, որոնք հիմնականում պաշտպանում էին Բաշար ալ Ասադին, եգիպտահայերը կատարյալ չեզոքություն են պահպանում «Մուսուլման եղբայրների» և զինվորականների հարցում:
Նշենք, որ նախկինում Երևանի պետական համալսարանի Արևելագիտական ֆակուլտետի ուսանողները շատ հաճախ վերապատրաստում էին անցնում Եգիպտոսում, սակայն ներկա պահին Հայաստանը Եգիպտոսում ուսանողներ չունի:
«Արդեն 1,5 տարի է՝ մենք Եգիպտոս ուսանողներ չենք ուղարկում, չե՞ ք տեսնում՝ ի՞նչ է կատարվում, միայն երեկ 500 մարդ է զոհվել»,- Tert.am-ի հետ զրույցում պատճառների մասին տեղեկացրեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:
«Արահետ թրեվլ» հոգևոր-զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիլիթ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կոնկրետ իրենց ընկերությունը Եգիպտոսի ուղղությամբ զբոսաշրջիկներ չի ուղարկել և չունի: