Հայաստանի Նախագահը ՄԱԿ-ում հիշեցրել է, որ պաշտոնական Երևանն է նախաձեռնել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այսօր լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:

 

Այս հայտարարությունն արել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը' ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում:

 

Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են' սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ այդ արձանագրությունները կվավերացնի միայն, եթե Լեռնային Ղարաբաղը' ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գորղի ծոցը վավերացնեն»:

 

Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացված, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում են' հայրենիքը սուրբ է և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Այս պայմաններում է, որ պաշտոնական Երևանն այսօր լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

 

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին ՀՀ Նախագահը խոսել է նաև սույն թվականի սեպտեմբերի քսանին' Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ' արձագանքելով ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ելույթին: