ԱՄՆ Հայ դատի հանձախումբն արձագանքել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը' հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ օրակարգից' այն անվանելով յուրահատուկ քայլ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ սա ճիշտ քաղաքականության սկիզբն է, եւ հաջորդիվ Հայաստանը պետք է իր ստորագրությունը վերցնի արձանագրությունից:

 

«Ինչպես մենք ընդգծել էինք 2009 թվականին եւ նաեւ այսօր ենք ասում' Հայաստանը երբեք չպետք է ստորագրի այդ միակողմ համաձայնագիրը: Չնայած Թուրքիայի ակնհայտ ստին, անվերջ նախապայմաններին եւ մեքենայություններին' այս ֆարսը շատ երկար է շարունակվել: Չնայած Անկարայի ջանքերին' արձանագրությունների եւ ժխտողականության այլ գործիքներով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործության փոխարեն որպես երկու ժողովուրդների միջեւ սովորական հակամարտություն ներկայացնելուն' հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում շարունակում է մնալ միակամ եւ վճռական Հայոց ցեղասպանության ճշմարիտ եւ արդարացի լուծման հարցում»,- ասել է Համբարյանը:

 

Փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահը նշել է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից եւ այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

 

«Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվա-կանի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

 

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»,- ասված է նախագահի նամակում: