Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը: Նա նշել է, որ այդ պաշտոնական հայտարարության արդյունքում՝ բոլորի ուշադրությունը սևեռված է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությանը։

 

 

«Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը ընդգծում է, թե ինչպիսի դժվար ընտրության առջև է կանգնած Օբաման։ Այս տարվա ապրիլի 24-ին Նախագահ Օբաման կարող է օրինակ վերցնել կամ Հռոմի Պապի բարոյականությունից կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Նա կարող է Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների, ԱՄՆ 43 նահանգների, Թուրքիայում արդարության համար պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նման կանգնել ճշմարտության կողքին։ Կամ էլ՝ նա կարող է այլ ընտրություն կատարել և այս հանցագործության 100-ամյա տարելիցին շարունակել կյանքի կոչ ել Հայոց ցեղասպանության մասին ազնիվ ամերիկյան դիսկուրսի բերանը փակող Թուրքիայի քաղաքականությունը»,- հայտարարել է նա:

 

 

Եվրոպայի խորհրդարանն ապրիլի 15-ին ընդնունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ. սեպտեմբերի 28-ին:

 

 

Իսկ 1987 թվականի հունիսի 18-ին նույն կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում: Եվրոպայի օրենսդիր մարմինը սույն փաստաթղթով կոչ է անում Խորհրդին այնպես անել, որ ժամանակակից Թուրքիայի կառավարությունը ճ անաչի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, նաև՝ երկխոսություն հաստատել Թուրքիայի և հայերի միջև: