ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ հայտարարությամբ: Էդվարդ Նալբանդյանը նշել է.
«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:
Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապա րհին»:
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ի երեկոյան 12 կողմ և 5 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ապրիլի 3-ին: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը' հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա: